«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթ

փետրվարի 03, 2026

«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

 «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության 24․07․25 թվականի 1023-Ա որոշում

1.   Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի N 770-Ա որոշմամբ հաստատված «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարում է նիստ՝ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթի գնահատման չափանիշների սահմանման նպատակով։

2.   Նիստի արդյունքում Խորհրդի կողմից հաստատվում են «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի Տնօրենի ընտրության մրցույթի գնահատման չափանիշները, հայտարարվում է մրցույթ Տնօրենի ընտրության համար և նշանակվում է քարտուղար, որը հավաքագրելու է փաստաթղթերը:

3.  Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Խորհրդի կողմից նշանակված քարտուղարը։

4.  Հիմնադրամի Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել ֆինանսների, տնտեսագիտության կամ կառավարման ոլորտում բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, հայերենին և անգլերենին տիրապետող, ժամանակակից տեխնիկական և տեղեկատվական միջոցներով աշխատելու ունակություն ունեցող մինչև 63 տարեկան Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:

5.  3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը հրապարակվում է Հիմնադրամի և Նախարարության պաշտոնական կայքերում, սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am

6.  Հիմնադրամի Տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի սույն կարգով սահմանված փաստաթղթերը և համապատասխանի սույն կարգով սահմանված պահանջներին:

7.   Հիմնադրամի Տնօրենի ընտրությանը մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում՝ համաձայն N 1 ձևի.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
  • ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.
  • մասնագիտական գիտելիքները, մասնագիտական աշխատանքային փորձն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
  • ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
  • հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:

8. Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացվեն secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին:

9. Հիմնադրամի Տնօրենի մրցույթի հայտերը ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվում:

10. Հիմնադրամի Խորհրդի կողմից Տնօրենի ընտրության համար նշանակված քարտուղարը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Թերի լինելու դեպքում քարտուղարն այդ մասին տեղեկացնում է դիմողին։ Դիմողը պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկել և կրկին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո քարտուղարը կազմում է եզրակացություն՝ համաձայն N 4 ձևի: Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին քարտուղարը տեղեկացնում է մասնակցին 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ծանուցելով էլեկտրոնային փոստի միջոցով: Քարտուղարը ծանուցագրում ներառում է ստորագրված և հաստատված եզրակացությունը:

11. Ոչ ամբողջական հայտերը ենթակա են մերժման:

12. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ չափանիշների համապատասխանության համար հարցազրույցի միջոցով: Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի:

13. Հարցազրույցն անցկացնում է Հիմնադրամի Խորհուրդը:

14.  Հարցազրույցի ընթացքում Հիմնադրամի Խորհուրդը մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած բոլոր մասնակիցների վերաբերյալ առավել ամփոփ տեղեկություններ է ստանում, մրցույթի մասնակցին տալիս է հարցեր՝ նրա ներկայացրած տեղեկությունների ճշմարտացիությունը պարզելու նպատակով, գնահատում է նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների համապատասխանությունը Տնօրենի պաշտոնի համար սահմանված պահանջներին: Մրցույթի ընթացքում Տնօրենի թեկնածուն ներկայացնում է տեքստիլ արդյունաբերության  ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա  ծրագիր։

15. Հարցազրույցի ընթացքում Հիմնադրամի Խորհրդի անդամները մասնակցին հնարավորություն են տալիս ինքնաներկայանալու, ազատ և անկաշկանդ ներկայացնելու իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Հիմնադրամի Խորհրդի անդամները մասնակցին կարող են տալ հարցեր, մասնակցի տված պատասխաններից կարող են կատարել անհրաժեշտ վերլուծություններ և եզրահանգումներ:

16. Մրցույթի գնահատման չափանիշները բաղկացած են 4 բաժնից, իսկ դրանց գնահատումն իրականացվում է Հիմնադրամի Խորհրդի անդամների կողմից՝ հարցերի, իրավիճակային առաջադրանքների, պաշտոնի գործառույթներից բխող այլ հանձնարարությունների միջոցով՝ գնահատելով մասնակցի մասնագիտական գիտելիքները, կառավարչական, ֆինանսական և իրավիճակային հմտությունները։

17. Չափանիշներից յուրաքանչյուր բաժին գնահատվում է 0-10 միավորների միջակայքում: Հնարավոր առավելագույն միավորը 40-ն է, նվազագույն շեմը՝ 28-ը։

18. Հիմնադրամի Խորհրդի կողմից մրցույթի մասնակիցները գնահատվում են հարցազրույցի գնահատման թերթերում` համաձայն N 5 ձևի:

19. Հիմնադրամի Տնօրեն կարող է ընտրվել գնահատման միավորների հանրագումարով նվազագույն շեմը հաղթահարած Տնօրենի պաշտոնի հավակնորդներից այն թեկնածուն, որի` տեքստիլ արդյունաբերության  ոլորտի բարեփոխման և զարգացման երեքամյա ծրագիրն արժանանում է Խորհրդի հավանությանը: Ծրագրի հավանության չարժանանալը կարող է հիմք հանդիսանալ թեկնածուի մերժման։

20. Հարցազրույցի արդյունքում Հիմնադրամի Խորհուրդը ներկայացնում է եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած և տեքստիլ արդյունաբերության  ոլորտի բարեփոխման և զարգացման երեքամյա ծրագրի հավանություն ստացած միակ մասնակցին և 3 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս  նշանակում է Տնօրենի պաշտոնին`համաձայն N 6 ձևի:

21. Հիմնադրամի Տնօրեն չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Խորհրդի անդամների մերձավոր ազգակցական կամ խնամիական կապ ունեցող անձ (ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը):

22.  Հիմնադրամի տնօրենը նշանակվում է 3 տարի ժամկետով:

23. Հիմնադրամի տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Տնօրենի պաշտոնում:

24. Աշխատավարձի չափը՝ 1 մլն ՀՀ դրամ։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչություն՝ 011-597-182 հեռախոսահամարով։