Անասնաբույժի օրվան նվիրված՝ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով համաժողով

մայիսի 06, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ապրիլի 30-ին մասնակցել են անասնաբույժի օրվան նվիրված՝ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով համաժողովին։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում անասնաբուժությունը դուրս է եկել նեղ մասնագիտական շրջանակներից և դարձել պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը՝ կապված սննդամթերքի անվտանգության, հանրային առողջության և տնտեսական զարգացման հետ։

«Նախարարությունն այժմ բարեփոխումների նոր փուլում է գտնվում, որտեղ իրականացվող աշխատանքները միտված են ծառայությունների որակի բարձրացմանը, հիվանդությունների կանխարգելման ժամանակակից մեթոդների ներդրմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրմանն ու մասնագիտական ներուժի բարձրացմանը», -նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն իր խոսքում կարևորել է համագործակցությունը Ավստրիայի զարգացման գործակալության, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH), ՄԱԿ-ի և պարենի գյուղատնտեսության կազմակերպության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և այլ գործընկերների հետ՝ լավագույն փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից։

Արդեն յոթերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում Անասնաբույժի օրը նշվում պետական մակարդակով: Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից` «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ: