Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է Հայ կահույքագործների ասոցիացիայի անդամների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ

մարտի 05, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մարտի 5-ին անց է կացրել հանդիպում «Հայ կահույքագործների ասոցիացիայի» անդամների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կահույքագործության ոլորտի զարգացման հեռանկարները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ներկայացվել է պետական աջակցության գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս արդիականացնել և ընդլայնել արտադրությունը՝ ներառյալ մաքսատուրքից ազատման արտոնությունը, լիզինգի պետական աջակցության ծրագիրը, արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման և ներդրումների դիմաց ենթակառուցվածքների ապահովման միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների ստեղծմանը, արտահանման դիվերսիֆիկացմանն ու միջազգային ցուցահանդեսներին տեղական արտադրողների մասնակցությանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։