Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Սովթ Պապիրուս» ընկերություն
հունիսի 05, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին այցելել է «Սովթ Պապիրուս» ընկերություն, որը Հայաստանի հիգիենայի և սանիտարահիգիենիկ թղթային արտադրանքի ոլորտի առաջատար կազմակերպություններից է և ընդգրկված է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։
«Սովթ Պապիրուս» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և մասնագիտանում է խոհանոցային սրբիչների, անձեռոցիկների, զուգարանի թղթի, թղթե սրբիչների և այլ սանիտարահիգիենիկ թղթային արտադրատեսակների արտադրության մեջ։
Արտադրության արդիականացման և հզորությունների ընդլայնման նպատակով ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից։
Այցի ընթացքում Էդգար Զաքարյանը, ընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանի ուղեկցությամբ, շրջել է արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիական լուծումներին, արտադրական հզորություններին և որակի վերահսկման համակարգերին։
Քննարկվել են ընկերության զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և մրցունակության բարձրացմանը վերաբերող հարցեր։