Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Վալան Գրուպ» ընկերություն

հունիսի 04, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 3-ին այցելել է «Վալան Գրուպ» ընկերություն, որը հանդիսանում է Հայաստանի կահույքագործության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։

«Վալան Գրուպ»-ը հիմնադրվել է 2001 թվականին և մասնագիտանում է ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների համակարգերի նախագծման և արտադրության, ինչպես նաև բարձրորակ կահույքի արտադրության ոլորտներում։

Արտադրության արդիականացման և ընդլայնման նպատակով ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից։

Այցի ընթացքում Էդգար Զաքարյանն ընկերության հիմնադիր Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է արտադրամասերում, ծանոթացել ընկերության գործունեությանը, արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիական լուծումներին և ներդրված սարքավորումներին։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են ընկերության զարգացման առաջիկա ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։