Հայաստանը գինու համաշխարհային քարտեզի կենտրոնում

մայիսի 21, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 21-ին ներկա է գտնվել Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) հռչակավոր գինու համտես-մրցույթի բացման պաշտոնական արարողությանը։

Միջոցառման շրջանակներում Հայաստան են ժամանել շուրջ 400 գինու միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլ հեղինակավոր ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ վերջին տասնամյակում Հայաստանը գինեգործության ոլորտում արձանագրել է զգալի առաջընթաց՝ ձևավորելով ժամանակակից, կայուն զարգացմանն ու նորարարություններին միտված ոլորտ։ Այս ընթացքում եռապատկվել է գինեգործական ընկերությունների թիվը՝ հասնելով մոտ 180-ի, կրկնապատկվել է գինու արտադրությունը, իսկ արտահանման աշխարհագրությունն այսօր ընդգրկում է 39 երկիր։

«Զգալի աճ է գրանցվել նաև եվրոպական շուկաներում արտահանման և գինու զբոսաշրջության ոլորտներում՝ Հայաստանը դիրքավորելով որպես մշակութային և գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացող ուղղություն։ Հայաստանի տեսլականն է՝ հայկական գինին աշխարհում ասոցացվի բարձր որակի, ինքնատիպության, հարուստ ժառանգության և նորարարության հետ», - ընդգծել է նախարար Պապոյանը։

Գինու միջազգային փորձագետները կփորձեն շուրջ 65 երկրից Հայաստան բերված մոտ 8000 տեսակ գինի, այդ թվում՝ շուրջ 130 տեսակ հայկական գինի։ Մրցույթը կընթանա կույր համտեսի ֆորմատով։

Մրցույթ-համտեսին բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» մրցույթի տնօրեն Քվոնտա Հավոն։

Միջոցառման շրջանակներում հյուրերը կայցելեն նաև Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ և հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, խաղողի տեղական սորտերին և ժամանակակից գինեգործական մշակույթին։