Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրատեսականու ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 7-ի N 349-Ն որոշմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը», ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։
Պարտադիր պահանջներ՝
Արտադրվող արտադրանքը պետք է համապատասխանի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «դեղ» հասկացությանը։
Հայտատուն փոխհատուցում ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։
Ներկայացվող փաստաթղթեր՝
Փոխհատուցում ստանալու նպատակով հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում
- ՊԵԿ-ի կողմից տրամադրվված տեղեկանք (հայտի ներկայացման պահի դրությամբ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ չունենալու վերաբերյալ)
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրված կլինիկական փորձարկման թույլտվությունը
- Հայտը համաձայն N 1 ձևի
- Հետազոտվող դեղագործական արտադրանքի ամփոփ նկարագիրը համաձայն N 2 ձևի
- Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճենը։
- Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագրի 12-րդ և 13-րդ կետերով պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը։
Փաստաթղթերի համապատասխանության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։
Հետազոտությունն ավարտելուց հետո.
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված կլինիկական մշտադիտարկման հաշվետվությունը։
- Հետազոտության իրականացումը հիմնավորող փաստաթղթերը (հետազոտություն իրականացնող սուբյեկտի կողմից շահառուին տրամադրված համապատասխան հաշվարկային փաստաթուղթ և վճարումը հավաստող փաստաթուղթ)՝ փաստացի կատարված ծախսերի (կլինիկական փորձարկումների կամ կենսահամարժեքության հետազոտությունների համար կատարված վճարի) վերաբերյալ։
Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող փոխհատուցման չափը՝
- կլինիկական փորձարկումների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ.
- կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն (այդ թվում՝ օժանդակության տրամադրման կարգի և պայմանների, հայտի ձևաչափի վերաբերյալ) տեղեկատվություն ստանալու նպատակով կարելի է անցնել հետևյալ հղմամբ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 125 հեռախոսահամարով։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40