
Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում այն առևտրային ընկերություններին, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․
- դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ․
- սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան, և վերջինիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում․
- ներդրումային ծրագրում կատարվել է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, որն ամբողջությամբ ուղղվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը և բացառությամբ մեկնարկային աջակցության տրամադրման դեպքի՝ բավարարվում են հետևյալ չափանիշները․
ա․ շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը կազմել է առնվազն 30% և պակաս չէ արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա՝ իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է․
բ․ շահառուի տարեկան իրացման շրջանառության առնվազն 30%-ը ձևավորվել է արտաքին շուկաներում իրացումից։
Աջակցությունը տրվում է 3 փուլով․
Առաջին փուլն է արտադրության մեկնարկի աջակցությունը, որը կազմում է կապիտալ ներդրումների 10 %-ը և տրամադրվում է ներդրումների արդյունքում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության մեկնարկից հետո։
Երկրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 5%-ը և այն տրամադրվում է տնտեսապես բարդ ապրանքների եռամսյակի ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների 10%-ի չափով իրացման պարագայում.
Երրորդ փուլով աջակցության չափը կազմում է կապիտալ ներդրումների 20%-ը, իսկ տարեկան առավելագույն գումարը կազմում է շահառուի կողմից պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 50%-ի հանրագումարը։
ՈՒստի աջակցության առավելագույն չափը ներդրումային ծրագրի ամբողջ ընթացքում կազմելու է տնտեսավարողի կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի մինչև 35 %-ը։
Առաջարկվող աջակցության ծրագրի իրագործումը կնպաստի երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի N 2765-Լ հրաման՝ «2026 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու մասին»
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի հունվարի 7-ի N 10-Լ հրաման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N2466-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին
- ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագրի շահառու ընկերության՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար հրապարակման ենթակա տվյալներ
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով