
Մաքսատուրքից ազատման արտոնություն
ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի 1118-Ն որոշմամբ հաստատվել է «Ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության մասին միջոցառումը», որի նպատակն է խթանել ներդրումային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ հնարավորություն ընձեռելով տնտեսավարողներին գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ և համալրող մասեր, ինչպես նաև հումք և (կամ) նյութեր՝ առանց ներմուծման մաքսատուրք վճարելու։
Շահառուների շրջանակը
Արտոնությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են ներդրումային ծրագրեր կառավարության կողմից սահմանված գերակա ոլորտներում։
Գերակա ոլորտներն են՝
- գյուղատնտեսություն,
- արդյունաբերություն,
- զբոսաշրջություն,
- տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ,
- էներգետիկա,
- առողջապահություն,
- տրանսպորտ (բացառությամբ տաքսի ծառայությունների),
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում։
Մաքսատուրքից ազատվող ապրանքները
Մաքսատուրքից ազատվում են ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող՝
- տեխնոլոգիական սարքավորումները,
- դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը,
- հումքը և (կամ) նյութերը (այդ թվում՝ լիզինգով ձեռք բերված),
պայմանով, որ դրանք չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ երկրներում, կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով, կամ չեն համապատասխանում անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։
Ներդրումային ծրագրի ժամկետները
Ներդրումային ծրագրի իրականացման առավելագույն տևողությունը 5 տարի է։
Հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին և չի կարող դուրս գալ ծրագրի ավարտի ժամկետից։
Արտոնությունը կիրառվում է միայն այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հայտ ներկայացնելու հաջորդ օրվանից սկսած։
Լիզինգով ներմուծման առանձնահատկությունները
Լիզինգով ձեռք բերված սարքավորումների ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է լիզինգատու կազմակերպությանը՝ ներդրումային ծրագիր իրականացնող անձի հետ կնքված լիզինգի պայմանագրի առկայության դեպքում։ Լիզինգատու կազմակերպությունը չի կրում ներդրումային ծրագրի իրականացման պարտավորություն։
Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը՝
Արտոնություն ստանալու համար տնտեսավարողը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով՝ ՀՀ կառավարության 2015 թվականի 1118-Ն որոշմամբ սահմանված՝
- դիմում (Ձև N1),
- հայտարարություն տվյալների հավաստիության վերաբերյալ (Ձև N2),
- ներդրումային ծրագրի նկարագրություն (Ձև N3),
- ներմուծվող ապրանքների ցանկ (Ձև N4),
- լիզինգի պայմանագիր՝ լիզինգի միջոցով ներմուծման դեպքում։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 148 հեռախոսահամարով։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ