Ներդրումային քաղաքականություն

Հայաստանը գրավիչ երկիր է ներդրումային և գործարար միջավայրի տեսանկյունից: Ներդրումների ներգրավումը և աջակցությունը, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ օրենսդրական դաշտի և միջավայրի ստեղծումը Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են: Անցած տասնամյակի ընթացքում իրականացվել են կարևոր բարեփոխումներ և ձեռք են բերվել մի շարք ծանրակշիռ զարգացումներ, որոնք նպաստել են Հայաստանի՝ օտարերկրյա ներդրումների համար ավելի բարենպաստ լինելուն՝ ներառելով ինչպես իրավական համակարգի բարեփոխումները, այնպես էլ գործարար ընթացակարգերի հեշտացման գործնական քայլերը:

Հայաստանի կառավարությունը վարում է բաց դռների քաղաքականություն ՕՈՒՆ-ի համար։ Ներդրումային քաղաքականությունը հիմնված է ներդրումային հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների նկատմամբ խտրականություն չդրսևորող ազգային քաղաքականության հաստատման և ներդրումների պաշտպանության ապահովման վրա։ Օտարերկրյա ընկերություններն ունեն իրավունք արժանանալու նույն վերաբերմունքին, ինչ ազգային ընկերությունները՝ Հայաստանի օրենսդրության համաձայն, և տնտեսության ոլորտների մեծամասնությունում առկա չեն էական սահմանափակումներ։

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը:

Որպես մրցակցային ներդրումային նպատակակետ Հայաստանի ուժեղ կողմերի ընդգծումը և զարգացումը խիստ կարևոր են որպես տարածաշրջանային ներդրումային հնարավորությունների ռազմավարական կենտրոն նրա ներուժը խթանելու համար:

Ըստ Հայաստանի միջազգային վարկանիշների վերլուծության՝ Հայաստանն աչքի է ընկնում երեք հիմնական որոշիչ գործոններով.

  1. հմուտ և ծախսարդյունավետ աշխատուժ․ Հայաստանը տարածաշրջանում մրցունակ վայր է հմուտ, տեխնիկական և ծախսարդյունավետ տաղանդների համար։
  2. քաղաքական միջավայր՝ մասնավոր հատվածի ներդրումային աջակցության համար․ Հայաստանը տարածաշրջանում ներդրողների համար բարենպաստ առաջատար երկիր է օտարերկրյա ձեռնարկությունների համար։
  3. դեպի շուկա մուտքի և ռազմավարական դիրքի ընդլայնումը․ Հայաստանը տարածաշրջանային առևտրի և ներդրումային կենտրոն է իր կենտրոնական դիրքով։

Հայաստանը դիրքավորվում է որպես տարածաշրջանային կենտրոն օտարերկրյա ձեռնարկությունների համար՝ այստեղից դեպի եվրասիական և եվրոպական շուկաներ ընդլայնվելու նպատակով, ընդգծելով երկրի ռազմավարական դիրքը և գործընկերների հետ առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերը: 

Օտարերկրյա գործընկերներին առավել ամբողջական պատկեր ներկայացնելու նպատակով մշակվել է Ներդրումային քաղաքականության ամփոփագիր (Investment Policy Statement), որը ներկայացնում է երկրի ներդրումային միջավայրի տեսլականը, հիմնական նպատակներն ու ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։

Տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումների ներգրավումը նպաստում է նոր արտադրությունների ստեղծմանը, տեխնոլոգիական արդիականացմանը, աշխատատեղերի ձևավորմանը և արտահանման ներուժի ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ, կայուն և նպատակային ներդրումային հոսքերի ապահովումը հնարավորություն է տալիս ձևավորել երկարաժամկետ տնտեսական զարգացում, դարձնել տնտեսությունը առավել գրավիչ և մրցունակ։ Ուստի, ներդրումային ծրագրերի համակարգված առաջխաղացումը տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մասնավոր ներդրումային ծրագրերին աջակցությանը, որի շրջանակներում լուծվում են վարչարարական և ինստիտուցիոնալ խնդիրներ՝ հնարավորինս դյուրին դարձնելով ներդրումային ծրագրերի նախապատրաստումը, անհրաժեշտ թույլտվությունների, համաձայնեցումների և վարչարարական ընթացակարգերի կազմակերպումը։

Ներդրումային միջավայրի գրավչության շարունակական բարձրացման, նոր ներդրումների ներգրավման և պոտենցիալ ներդրողների հետ համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվում են մի շարք նպատակային միջոցառումներ, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշմամբ։

Իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են ներդրումների աճին, մասնավորապես՝

Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառում
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության մասին միջոցառում
Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում