Պետություն-մասնավոր երկխոսություն
Ընդհանուր նկարագիր
2025 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն–մասնավոր երկխոսությունն իրականացվել է մի քանի ուղղություններով։ Մասնավորապես՝ ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի շրջանակներում շարունակվել են շարունակական աշխատանքներն ու քննարկումները։ Բացի այդ, նախարարության նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ 2025 թվականի հունիս–օգոստոս ամիսներին կազմակերպվել են մարզային այցեր Հայաստանի տարբեր համայնքներ։
ՓՄՁ զարգացման խորհրուրդ և ենթախորհուրդ
2025 թվականին կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի 2, իսկ ենթախորհրդի՝ 5 նիստ։ Նիստերի ընթացքում քննարկվել են ավելի քան 20 խնդիրներ, որոնցից 4-ը ստացել են իրենց լուծումները համապատասխան իրավական կարգավորումների ներդրման արդյունքում։

Մարզային հանդիպումներ
Հանդիպումների նպատակն էր․
- Տնտեսավարողներին ներկայացնել պետական աջակցության գործող և նոր ծրագրերը,
- Բացահայտել տեղական բիզնեսի առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները,
- Ձևավորել կայուն և արդյունավետ երկխոսություն պետության ու մասնավոր հատվածի միջև։
Բացի դրանից, այցերը ծառայում են որպես կարևոր հարթակ՝ տեղահանված արցախցիների սոցիալ–տնտեսական ինտեգրման ծրագրերի ներկայացման և համայնքային զարգացման նախաձեռնությունների քննարկման համար։
Հանդիպումների աշխարհագրությունը
Հանդիպումներն ընդգրկել են 20 և ավելի քաղաք և համայնք՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում։
Այցերի աշխարհագրությունը լայն էր․ քննարկումներ կազմակերպվել են և՛ քաղաքային կենտրոններում (Գյումրի, Վանաձոր, Իջևան, Գավառ և այլն), և՛ գյուղական համայնքներում (Ապարան, Արենի, Զոլաքար, Նորատուս, Վերիշեն և այլն)՝ ընդգրկելով թե՛ խոշոր, թե՛ փոքր տնտեսավարողներին։
Քննարկումների բովանդակություն
Հանդիպումների ընթացքում ձևավորվել է ակտիվ մասնակից–պետություն երկխոսություն։ Տնտեսավարողները ներկայացրել են իրենց առօրյա գործունեության ընթացքում հանդիպող հիմնական դժվարությունները․
- Հարկային և վարչարարական խնդիրներ – շրջանառության հարկի նոր դրույթների կիրառման դժվարություններ, վարչարարական ընթացակարգերի ծանրաբեռնվածություն և այլն։
- Ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն – ՓՄՁ-ների կողմից վարկային միջոցների ներգրավման սահմանափակումներ, բարձր տոկոսադրույքներ և ապահովագրական պահանջներ։
- Մարդկային կապիտալ և մասնագիտական հմտություններ – որակյալ մասնագետների պակաս, բիզնես խորհրդատվության և ուսուցման սահմանափակ ծրագրեր և այլն։
Բացի այդ, տնտեսավարողների կողմից մատնանշվել են՝
- ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ նոր ներդրողների ներգրավման և գործարար միջավայրի կանխատեսելիության ապահովման ուղղությամբ,
- մարզային համաչափ զարգացման կարևորությունը, նկատելով, որ մարզերում պետական ծրագրերի և ֆինանսական գործիքների հասանելիությունը հաճախ զիջում է մայրաքաղաքին։
Քննարկումների շրջանակում մասնավոր հատվածի կողմից վերհանված մի շարք խնդիրների լուծման մեխանիզմները նախատեսվել են ՓՄՁ մրցունակության 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագծով, որը ներկայումս դեռևս գտնվում է մշակման փուլում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պետություն–մասնավոր երկխոսության (ՊՄԵ) շրջանակում իրականացնում է շարունակական աշխատանքներ՝ ընդլայնելով քննարկվող ուղղությունները և ընդգրկելով ոչ միայն գյուղատնտեսության, այլև արդյունաբերության, ծառայությունների, նորարարության և ներդրումների ոլորտները։ Պարբերական հանդիպումները նպաստում են գործնական և համագործակցային երկխոսության ձևավորմանը, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել մարզային տնտեսության ներուժը և նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման հավասարակշռված քաղաքականության իրականացմանը։