Սննդամթերքի անվտանգություն

Սննդամթերքի անվտանգության ապահովումը հանդիսանում է յուրաքանչյուր պետության կարևոր և հրատապ հիմնախնդիրներից մեկը: Սպառողների առողջության ապահովման համար սննդամթերքի անվտանգության բնագավառի զարգացումը և կատարելագործումը Հայաստանի Հանրապետության տնտեսության ագրարային հատվածում իրականացվող քաղաքականության գերակայություններից է:

Սննդամթերքի անվտանգության ապահովումը նպատակաուղղված է սպառողներին անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը, պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև՝ տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և շուկայի կայուն զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը պայմանավորված է ոլորտի օրենսդրության կատարելագործմամբ, սննդի շղթայի բոլոր փուլերում շարունակական վերահսկողության ապահովմամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի լաբորատոր կարողությունների զարգացմամբ, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի սկզբունքների ներդրմամբ, սննդի շղթայի վերահսկողության համար պատասխանատու մասնագետների և հասարակական կազմակերպությունների շարունակական ուսուցման համակարգի կիրառմամբ:

Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները: Ոլորտի կարգավորման հիմնական նպատակը հանրության առողջությունը սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքով), ինչպես նաև՝ սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովումը, սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում հետագծելիության սկզբունքի կիրառմամբ՝ պետական վերահսկողության ապահովումը:

 

Սննդի շղթայի օպերատորների պատասխանատվությունը

Սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով, սննդի շղթայի օպերատորները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման բոլոր փուլերում սննդամթերքի որակն ու անվտանգությունն ապահովելու համար:

Ի վերջո, սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի իրավունքն ու պարտականությունն է, և սնունդը ոչ միայն մշակույթ է, այլ մարդու հիմնարար իրավունքը:

 

Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը.

Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորվում է

«Սննդամթերքի անվտանգության մասին»,

«Անասնաբուժության մասին»,

«Բուսասանիտարիայի մասին»,

«Կերի մասին»,

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մա­սին»,

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»,

«Ստանդարտացման մասին», 

«Սպառող­ների իրավունքների պաշտպանության մասին»,

«Առևտրի և ծառայությունների մասին»,

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքներով,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև՝ մի շարք այլ օրենքներով և շուրջ 100 ենթաօրենսդրական իրավական ակտերով։

 

Զարգացման ռազմավարություն (2023-2028թթ.)

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N356-Լ որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում:

 

ԵԱՏՄ ինտեգրում և բարեփոխումներ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված, աշխատանքներ են իրականացվում սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը: Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին իրավական կարգավորում տալու նպատակով, մշակվել և մշակվում են ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթեր, որոնք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՕ-180-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

 

Գործնական աջակցություն տնտեսավարողներին (ՎՎՀԿԿ)

Փոքր և միջին տնտեսավարողների համար մշակվել են ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի ներդրման գործնական ուղեցույցներ: Դրանք հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա և հաստատված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի N 4018-Լ հրամանով։

3 (3)

Հունիսի 7-ը նշվում է որպես սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր