Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր
Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր
Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու, ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ) վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ԱԱՀ վճարող համարվողների) համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու և ազգաբնակչությանը որակյալ ու անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու համար աջակցության տրամադրումն է։
Ծրագրից կարող է օգտվել այն տնտեսավարողը, որը․
- իրականացնում է ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ, սպանդանոցային սպանդ և մսեղիքի իրացման գործառույթներ.
- աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ և դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ։
Ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրվում է հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։
Աջակցության տրամադրման ընթացակարգը․
Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որն աջակցությունը ստանալու նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է ներկայացնում նախարարություն, որին կցում է՝
- ծրագրի N 1 ձևին համապատասխան առաջին դիմումի ներկայացման ամսին նախորդող 3 ամիսների, իսկ հաջորդ դիմումների դեպքում՝ դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի և ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 2 ձևին համապատասխան.
- ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 3 ձևին համապատասխան.
- տեղեկատվություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց անվանումները և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին.
- խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման N 1 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։
Տնտեսավարողն աջակցության ստացման նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումը նախարարություն ներկայացնում է մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։
Եթե տնտեսավարողը բավարարում է ծրագրով սահմանված պահանջներին, նախարարության և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր:
Այն դեպքում, երբ տնտեսավարողի կողմից իրականացված գործարքների ճշգրտման արդյունքում արձանագրվում է նախկինում հայտարարագրված ԱԱՀ-ի գծով պարտավորության չափի փոփոխություն, ապա տնտեսավարողն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարություն և ավել վճարված փոխհատուցման գումարը ճշգրտման օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է նախարարություն։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Ագրովերամշակման վարչություն՝ +374 11 230 180, +374 11 235 471, +374 11 597 236, +374 11 597 258 հեռախոսահամարներով։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40